Հայաստանի իրականության մեջ այն ուժը, որն ընտրություններում մանդատ չի ստանում, հորդորում է մանդատ ստացածին վայր դնել մանդատը, եւ եթե անցել է՝ ասում են՝ նա իշխանության պրոյեկտ է. սա անառողջ մոտեցում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին, թե ինչու է ստացել 1,5 տոկոս, ոչ թե չ տոկոս:
Արզումանյանը, ով այս ընտրություններում չէր էլ առաջադրվել, նշեց, որ իր ողջ կյանքը եղել է քաղաքականության մեջ. «Պապերս Ազգային ժողովում չեն եղել. սա հերթական փորձառությունն էր, որի միջոց անցա: Որեւէ ցանկություն չունեմ նորից անցնել այդ փորձը Ազգային ժողովում»:
Ինչ վերաբերում է ԱԺ անցած ուժերին, ԱլեքսանդրԱրզումանյանը հայտարարեց, որ ընդդիմություն է համարում «Ելք» դաշինքին,թեեւ նրա օգտին չի քվեարկել. «Ըստ օրենքի դու կարող ես լինել կամ իշխանություն, կամ ընդդիմություն: Հիմա կլինեն ուժեր, որոնք կհռչակեն իրենց ընդդիմություն, բայց այս պահին ընդդիմությունը «Ելք» դաշինքն է: Ես ինքն «Ելք»-ին ԱԺ ընտրություններին ձայն չեմ տվել, բայց շնորհավորել եմ, եւ ասել եմ, որ շատ ուրախ եմ հրաշալի անցկացված քարոզարշավի համար եւ որ կարող են պատկառելի ներկայություն ունենալ խորհրդարանում»:




























