Նոր խորհրդարանում Շիրակի մարզից ՀՀԿ-ի կողմից ընտրված պատգամավոր Արման Սահակյանը Գյումրիի հետ կապված կիսատ թողած գործեր ունի, որոնք շարունակելու է նոր խորհրդարանում: Այս մասին նա նշել է այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ի՞նչ է արել 5-րդ գումարման խորհրդարանում, որ ցանկացել է լինել նաև 6-րդ գումարման խորհրդարանում, նա պատասխանեց. «Ոտքի վրա համապարփակ չեմ կարող պատասխանել: Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ կիսատ թողեցի, հուսով եմ, կշարունակենք: Գյումրիի հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնք դեռ չենք արել, հուսով եմ նոր խորհրդարանում կանենք: Քանի դեռ չկա, եկեք՝ չասեմ, ժամանակը կգա՝ կասեմ»:
Ինչ վերաբերում է վերջին 5 տարիներին ԱԺ-ում իր լռակյաց լինելուն, Սահակյանն ասաց. «Դա գաղտնիք չէ, ես դրանից վատ էլ չեմ զգում: Ամեն մարդ աշխատելու իր ոճն ունի: Մարդ կա ճառ է ասում, մարդ կա զանգ է կախում: Հիմա խոսացողները խոսում եմ: Իմ կախած զանգն այն է եղել, որ ընտրությունների արդյունքներով երեւում է, որ ինչ-որ քանակ հույսեր է կապում ինձ հետ»:
Արման Սահակյանը նշեց, որ իրեն պարտավորված է զգում, որ այդ քանակի ձայներ է ստացել. «Թող անհամեստ չհնչի, ժողովրդի տված արդյունքից բավարարված եմ: Շիրակի ժողովրդի ձայներն ունենալը մեծ պատասխանատվություն ու պատիվ է, դրա համար տարբերությունը կտեսնեք: Ես 8 տարի աշխատում եմ Գյումրիում, եւ փառք Աստծո, լավ եմ աշխատում»:
Հարցին, թե որքան փող է ծախսել ընտրությունների ընթացքում, նա պատասխանեց. «Որքան որ օրենքը թույլ է տալիս»:




























