«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը քրեորեն պատժելի որեւէ արարք չի արել՝ ձայնագրելով ՀՀԿ-ի համար ցուցակներ կազմող տնօրեններին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ դա հայտնի լրագրողական հնարք է, որը կիրառվում է բոլոր երկրներում՝ ինչ-որ հարցեր բացահայտելու համար։
Նրա խոսքով, քաղաքակիրթ երկրում գործն այլ ուղիով կընթանար, սակայն Հայաստանում դատարանի առջեւ են կանգնում ոչ թե չարաշահում թույլ տվածները, այլ բացահայտում անողները. «Քաղաքակիրթ երկրում դա լինում է սկանդալ, իրավապահ մարմինների հետաքննություն, պատվիրողների նկատմամբ ավելի խիստ պատիժ, քան իրականացնողների»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ ձայնագրությունների հրապարակմամբ ոտնահարվել է դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների արժանապատվությունը, Իշխանյանը կարծում է, որ եթե նրանց արժանապատվությունը վիրավորվել է, նրանք պետք է դատի տային քաղաքապետարանի, շտաբերի, մարզպետարանի աշխատողներին, որոնք իրենց դրել են այդ վիճակի մեջ եւ իրենց խայտառակել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:
Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:




























