ՀՀԿ-ն գրոհ է կազմակերպում քաղհասարակության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը:

Հայտարարությունում ասվում է.

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր 25.03.2017 թվակիր հայտարարությամբ անդրադարձել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկոտ բացահայտմանը։ Դպրոցական եւ նախադպրոցական հարյուրից ավելի հիմնարկների տնօրենների, ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումը համարելով ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն:

Դաշինքը նաեւ հայտարարել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած եւ մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել։

Այս ամենը, բնականաբար, տեղի չունեցավ։ Այսօրինակ եւ բազմաթիվ այլ օրինախախտումներով ու ընտրակեղծիքներով լուծելով իշխանության վերարտադրման հարցը, ՀՀԿ-ն այժմ էլ գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ։

Իշխանության դրդմամբ ընտրախախտումներով զբաղված նույն դպրոցների 30 տնօրենները դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության եւ նրա ղեկավար Դանիել Իոանիսյանի:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը իր զորակցությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանն ու Դանիել Իոանիսյանին, գնահատում է իշխանության կատարած այս փոքրոգի ու անարժանապատիվ քայլը որպես հանցագործության բացահայտումը խոչնդոտելու փորձ,  շարունակում է համարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու հրապարակած նյութը պահպանում է իր ուժը որպես հաղորդում հանցագործության մասին, եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները՝ պատասխանատվության կանչելով իրական օրինախախտներին՝ համապատասխան դպրոցների եւ նախադպրոցական հիմնարկների տնօրեններին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:

Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի: