Հայ բարեխիղճ արտահանողները կարող են վստահ լինել, եթե ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքում մրցակցային խոչընդոտների հանդիպեն, ապա ՀՀ մրցակցային մարմինը օրենսդրական բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է նրանց շահերը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` խոսելով օրերս ավարտված «Գրանդ Տոբակոյի» եւ »Ֆիլիպ Մորիսի» միջեւ դատական վեճի մասին:
Մարտի 31-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը եզրակացրեց, որ «Գրանդ Տոբակոյի» «Ararat» սիգարետները չեն նմանակում «Philip Morris»-ի հանրահայտ «Marlboro»-ն:
Իսկ խնդիրն առաջացել էր այն բանից, երբ ծխախոտի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Ռուսաստանում որոշակի արգելքներ էր ստեղծել «Գրանդ Տոբակոյի» համար: Համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ՝ փորձել էր խոչըդոտել հայկական արտադրողի արտադրանքի իրացմանը: Խանութներն ընդառաջել էին` հաշվի առնելով «Philip Morris»-ի ազդեցությունը շուկայում (Ռուսաստանի ծխախոտի շուկայում այն գերիշխող ընկերություն է): Դեռ ավելին` «Philip Morris»-ը փոխհատուցում էր պահանջում «Գրանդ Տոբակոյից» եւ մի շարք խանութներից` հայտարարելով, թե «Marlboro»-ին նմանակող ծխախոտի վաճառքով վնաս են հասցրել իրեն: Իր պահանջը վերջնականապես ամրագրելու համար նա դիմել էր Մոսկվայի արբիտրաժային դատարան` պահանջելով Ռուսաստանում արգելել «Ararat»-ի վաճառքը:
Խնդրի իրավական աջակցության համար շուրջ 1 տարի առաջ «Գրանդ Տոբակոն» դիմել էր ՏՄՊՊՀ` խնդրելով օգնել խնդրի կարգավորման հարցումասնակցել։ «Մենք, ուսումնասիրելով խնդիրը, հանգեցինք այն եզրակացության, որ նշված ապրանքային նշանների միջեւ շփոթություն առկա չէ: Ապա, քանի որ ակտիվորեն համագործակցում ենք ՌԴ մեր գործընկերների հետ եւ խնդիրն էլ առաջացել էր Ռուսաստանի տարածքում, դիմեցինք Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը: Քննելով խնդիրը՝ նրանք եւս փաստեցին, որ մեր որոշումը ճիշտ է, եւ հայկական արտադրողը անբարեխիղճ վարքագիծ չի դրսեւորել: Հետապես, համատեղ կերպով որոշեցինք հանդես գալ դատարանում, որպես երրորդ կողմ՝ պաշտպանելով արդար մրցակցությունը, իսկ տվյալ պարագայում օրենքի սահմաններում գործած տնտեսվարողի շահերը: Մեր բավականին ուժեղ եւ հիմնավոր փաստարկների արդյունքում` դատարանը համարել է, որ «Ֆիլիպ Մորիսի» պահանջը ամբողջովին անհիմն է, եւ «Գրանդ Տոբակոն» կարող է ազատ իրացնել իր արտադրանքը Ռուսաստանում»,- մեզ հետ զրույցում նշեց Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաեւ, որ այս որոշումը կարող է դրական նախադեպ դառնալ բոլոր այն արտահանողների համար, ովքեր մրցակցային խոչընդոտների են հանդիպում արտերկրում:
Ա. Շաբոյանը տեղեկացրեց նաեւ, որ նման մեկ այլ վարույթ էլ ընթացքի մեջ է («Մարիաննա» կաթնամթերքի գործարանը` ընդդեմ ՌԴ-ում համանուն ապրանքանիշ ունեցող ընկերության) եւ շուտով այս հարցով եւս որոշում կկայացվի: «Շատ դեպքերում մեր ընկերությունները կարող է խուսափեն իրենց շահերը պաշտպանելուց, կամ չդիմեն պատկան մարմիններին՝ մտածելով, որ կպարտվեն ՌԴ շուկայում գործող խոշոր ընկերություններին, բայց ես վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք բարեխիղճ տնտեսվարողի շահերը օրենսդրական բոլոր լծակներով պաշտպանելու համար, - ընդգծեց Շաբոյանը:
Նա իր գոհունակությունը հայտնեց ՌԴ հակամենաշնորհային ծառայության գործընկերներից՝ իրավական եւ մասնագիտական աջակցության համար՝ նշելով, որ երկու երկրների մրցակցային կառույցների համագործակցությունը ակտիվորեն զարգանում է եւ այն միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների մրցակցային դաշտի բարելավման վրա:



























