Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանն առաջարկել է փակել «Նուբարաշեն» կալանավայրի առաջին հարկի բանտախցերը։ Այս մասին նա հայտարարել է՝ ներկայացնելով մարդու իրավունքների խախտումը կանխարգելելու վերաբերյալ ազգային մեխանիզմի գործունեության մասին զեկույցը։
Գնահատելով կալանավայրի սանիտարահիգիենիկ պայմանները՝ օմբուդսմենը նշել է, որ որոշ կալանավայրերում պայմաններն անթույլատրելի են։ «Ես արդեն առաջարկել եմ փակել «Նուբարաշեն» կալանավայրի առաջին հարկում բոլոր բանտախցերը։ Այնտեղ նույնիսկ վերանորոգում անելն է անիմաստ։ Նման դրությունը նպաստում է դատապարտյալների իրավիճակի վատթարացմանը։ Այնտեղ նաեւ աշխատել հնարավոր չէ, այնպես որ՝ կալանավայրի աշխատակիցներից եւս նորմալ աշխատանք չենք սպասում»,- նշել է օմբուդսմենը։
Նրա խոսքով՝ կալանավայրում բուժօգնության սուր խնդիր կա։ «Բժիշկների ու խնամակալների պակաս։ Հաճախ հիվանդի մասին հոգ են տանում բանտախցի նրա ընկերները։ Դա կարելի է բացառապես միայն այն դեպքում, եթե կալանավորը համապատասխան բժշկական կրթություն ունի։ Հակառակ դեպքում դա կհանգեցնի հիվանդի վիճակի վատթարացմանը», - նշել է օմբուդսմենը։
Այլ խնդիր է պայմանական, ժամկետից շուտ ազատ արձակվելը։ «Կալանավորը ներառված չէ իր ճակատագրի վերաբերյալ հարցերին»,-նշել է Թաթոյանը։
Անթույլատրելի է նաեւ պրակտիկան, երբ բանտախցերը վերանորոգվում են կալանավորների հաշվին։
Խոսելով 2016-ին 7 մահվան ու ինքնասպանության դեպքերի մասին՝ օմբուդսմենն ընդգծել է, որ պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր դեպք, վերլուծել իրադրությունը։ Այդ համատեքստում նա քննադատել է դատախազության մոտեցումները։




























