Թուրքիայում խորհրդարանական հանրապետությունից նախագահականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների հակառակորդների համար հանրաքվեի նախաշեմին լիարժեք արշավ անցկացնելը դժվար է: Այս մասին Die Welt-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ի Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Միխայել Գեորգ Լինքը, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Նրա խոսքով՝ ուղղումների հակառակորդների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում: Նրանցից ոմանց վախեցնում են, նշել է նա, իսկ կառավարական լրատվամիջոցները նրանց որպես թշնամիներ եւ խռովարարներ են բնութագրում:
Լինքը գլխավոր խնդիր է համարել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների կալանավորումները, մասնավորապես՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ), որի անդամները սահմանադրական ուղղումների գլխավոր հակառակորդներն են: Արդյունքում՝ այս կուսակցությունը չի կարող լիարժեք արշավ կազմակերպել ի հակակշիռ «կողմ» քարոզողներին:
Լինքի խոսքով՝ նրանց համար, ովքեր ցանկանում են, որ քաղաքացիները հանրաքվեում «դեմ» քվեարկեն, եւս մի խոչընդոտ է ժողովների, ցույցերի եւ հանրահավաքների անցկացման ազատության սահմանափակունը, որը մտցվել է անցյալ տարվա չհաջողված խռովությունից հետո: ԵԱՀԿ ներկայացուցիչը լրացուցիչ խնդիր է համարում թուրքական լրատվամիջոցների ոչ օբյեկտիվությունը եւ նրանց տրամադրած տեղեկատվության չհավասարակշռված լինելը: Սրա պատճառը ընդդիմադիր լրագրողների զանգավածային կալանավորումներն են եւ մի շարք ընդդիմադիր պարբերականների փակումը: Լինքի խոսքով՝ անցյալ տարվա հուլիսից փակվել է 158 լրատվամիջոց, իսկ գործազուրկ են դարձել հազարից ավելի լրագրողներ:
Թուրքիայում հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին: Համաժողովրդական քվեարկության կդրվեն Հիմնական օրենքում կատարված ուղղումները, որոնցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննախադեպ իշխանությամբ կօժտվի: Ընդդիմությունը սահմանադրական ուղղումները համարում է երկրում բռնապետությունը օրինականացնելու փորձ:




























