Արցախի հարցով ծրագրվում է եռակողմ հանդիպում հոգևոր առաջնորդների միջև: Այս մասին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում:
«Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա եւ Մենք, միջնորդությամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ:
Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի եւ օրակարգի ձեւավորման ուղղությամբ կողմերի միջեւ աշխատանքներ են տարվում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությանը, թե հայկական կողմը Շուշիի մզկիթը վերականգնում է սադրիչ նպատակներով, Գարեգին Բ-ն պատասխանել է. «Անշուշտ, Ալլահշուքյուր Փաշազադեն ազատ է բարձրացնել ցանկացած խնդիր, ինչը եւ հաճախ անում է` տուրք տալով նաեւ ադրբեջանական քարոզչամեքենայի պահանջներին:
Պատմական փաստ է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ոչնչացնում է հայկական հետք պարունակող ցանկացած հուշարձան եւ սրբավայր, ինչպիսին էր պարագան օրինակ` հայոց հավատքի վկա Ջուղայի հազարավոր խաչքարերի կործանման, Բաքվի հայկական եկեղեցու` գրապահոցի վերածման, Նախիջեւանի մեր վանքերի եւ եկեղեցիների ավերման, Արցախի իշխանությունները պահպանում ու վերականգնում են Արցախի հողում գտնվող իրենց պատմական ժառանգությունը, նաեւ այլ կրոնների պատկանող սրբավայրեր եւ հուշարձաններ:
Շուշիի մզկիթի վերականգնման վերաբերյալ գոհունակություն արտահայտելու փոխարեն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի կողմից դրսեւորված ընդվզումը եւ դրա հիմնավորումը Մեզ համար անընկալելի է: Արդար եւ ազնիվ կլիներ այն արտահայտել սեփական երկրի տարածքում գտնվող հայկական սրբավայրերի եւ հուշարձանների նկատմամբ գործվող բարբարոսությունների առնչությամբ»:




























