Դեր Զորի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինապահեստներին կոալիցիայի ավիացիոն հարվածի հետեւանքները հաստատում են ահաբեկիչների մոտ քիմիական նյութերի առկայությունը, որոնք կարող են օգտագործվել որպես զանգվածային խոցման զենք, նշված է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հարվածի վայրում սպիտակ ամպ է գոյացել, այնուհետեւ՝ դեղին, որը վկայում է թունավոր նյութերի մեծ քանակի առկայության մասին: Հրդեհը շարունակվել է 5 ժամ»,- նշցված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ քիմիական նյութերով թունավորման հետեւանքով, այդ թվում՝ շնչահեղձ լինելու, հարյուրավոր գրոհայիններ եւ խաղաղ բնակիչներ են զոհվել:

«Տեղի ունեցածը հաստատում է ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների մոտ քիմիական զենքի առկայության եւ նրանց կողմից դա կիրառելու, ձեռք բերելու ու տեղափոխելու հնարավորության մասին»,- նշված է հաղորդագրությունում:

Սիրիայի բանակի հրամանատարությունը հերթական անգամ հայտարարել է կառավարական զորքերի մոտ քիմիական զենքի բացակայության մասին: