Ապրիլի 13-ին օտարերկյա լրագրողները հավաքվել էին Փհենյանում՝ «մեծ ու կարեւոր իրադարձության» առթիվ եւ դա տեղի է ունենում տարածաշրջանում աճող աշխարհքաղաքական լարվածության ֆոնին, որը կապակցված է պետության միջուկային փորձարկումների ու Կորեական թերակղզուն մոտեցող ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խմբով, գրում է Reuters–ը։

Հյուսիսային Կորեան ապրիլի 15-ին նշում է երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարելիցը։ 2012-ին այդ տոնի կապակցությամբ Հյուսիսային Կորեան արձակել էր հեռահար գործողության հրթիռ։ Անցած տարի Փհենյանը միջին հեռահարության նոր հրթիռ էր փորձարկել

Մոտ 200 օտարերկրյա լրագրողներ են հավաքվել Փհենյանում՝ «Արեւի օր» կոչվող պետական գլխավոր տոնի նախօրեին։ Չինովնիկները տոնակատարությունների մանրամասները չեն հրապարակել։

Կորեական թերակղզում լարվածությունը կտրուկ աճել է, իսկ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին խոսակցությունները հաճախացել են սիրիական ավիաբազայի վրա Վաշինգտոնի հարվածներից հետո։ Դրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որը Հյուսիսային Կորեան շուտով կարող է անցկացնել միջուկային զենքի վեցերորդ փորձարկումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կորեական թերակղզի է ուղարկել ավիակիրների խումբ։ Ակնկալվում է, որ նավերը ինը օրում կմոտենան թերակղզուն։

Փհենյանը նախազգուշացրել է, որ կարող է ԱՄՆ-ին պատասխանել միջուկային հարձակումով՝ եթե Վաշինգտոնի կողմից ագրեսիայի ցանկացած նշան նկատի։

Թրամփն ու Չինաստանի նախագահ ՍԻ Ցզինպինը օրերս հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են արագ գործողությունների անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն մտավախությունները, որ Հյուսիսային Կորեայում նոր փորձարկում է ծրագրված։

ԱՄՆ նախագահը իր թվիթերում գրել է, որ Սիի հետ զրուցել են Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքի մասին։ Ավելի ուշ նա հայտնել է, որ եթե Պեկինը չօգնի՝ ԱՄՆ-ն պատրաստ է ինքնուրույն պայքարել Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի դեմ։

Վաշինգտոնում տեղակայված հետազոտական կենտրոնը, որը հետեւում է Հյուսիսային Կորեայի գործողություններին, հայտնել է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ակտիվություն Պունգերի միջուկային փորձարկումների հրաձգարանում, ինչը կարող է վկայել նոր փորձարկումների նախապատրաստման մասին։

Սակայն հարավկորեական պաշտոնյաներն էլ  հայտնել են Հյուսիսային Կորեայի կողմից մոտելուտ միջուկային փորձարկումների նոր նշանների բացակայոթյան մասին, սակայն նշել, որ Փհենյանը պատրաստ է ցանկացած պահի անցկացնել նման փորձարկումներ։