Հաստատվել է Եգիպտոսի հյուսիսում՝ Թանթա քաղաքի եկեղեցում ահաբեկչությունն իրագործողի ինքնությունը: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:

Ահաբեկչությունն իրականացրել է Մահմուդ Ամին Մուհամմեդ Բաղդադին, որը 1977 թվականին ծնվել է հարավային Քենա քաղաքում:

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին Ալեքսանդրիայի եկեղեցու ահաբեկչությունն իրագործողի ինքնության հաստատման մասին, որը նույնպես Քենայից էր: Երկուսն էլ անդամակցել են միեւնույն ծայրահեղական խմբավորմանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Թանթա եւ Ալեքսանդրիա քաղաքներում պայթյուններ էին որոտացել, որոնց հետեւանքով առնվազն 45 մարդ զոհվել էր, ավելի քան 100 մարդ վիրավորվել: Երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: