Ադրբեջանի իշխանություններն ու նրանց ենթակա լրատվամիջոցները մշտապես քարոզարշավներ են իրականացնում, որոնք կոչված են միջազգային հանրության համոզելու հայերի հանդեպ անկողմնակալ վերաբերմունքի հարցում:
Մամուլում նյութեր են հայտնվում, թե որքան լավ են ապրում Ադրբեջանում բնակվող 30 հազար հայերը: Օրերս նյութ էր հրապարակվել այն մասին, թե ինչպես է հայը Բաքու մեկնել մոր գերեզմանին, «խաղաղարարական ակցիաներ» են նախաձեռնվում:
Նման քարոզարշավների կեղծ լինելը երեւում է անզեն աչքով: Բավական են միայն տխրահռչակ Ալի Հասանովի արտահայտությունները: Իսկ 73-ամյա Յուրի Սարկիսովի պատմությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես են ադրբեջանցիները վերաբերվում հայերին: Արդեն տարեց մարդուն թույլ չեն տվել մտնել Ադրբեջան` միայն հայկական արմատներ ունենալու պատճառվ:
Ադրբեջանում բնակվող «30 հազար հայերի մասին» հայտնի է, որ այդ մարդիկ ամեն կերպ փորձում են թաքցնել իրենց ծագումը եւ չնայած մահվան սպառնալիքին` այս կամ այն պատճառով երկրում են մնացել:
Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ մի քանի ամիս ձերբակալությունից հետո սկսվում է Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովի դատավարությունը: Երիտասարդի մասին հայտնի է, որ հայկական ծագում ունի եւ երկրորդ ազգանունը Գալստյան է: Նա ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է եւ անցյալ տարվա հունիսին Բաքվում գործուղում էր իրականցնում: Արդեն հունիսի 9-ին երիտասարդը ձերբակալվել էր` խոշոր չափերի թմրանյութեր կամ հոգեմետ միջոցներ ապօրինի պատրաստելու, պահելու, փոխադրելու կամ իրացնելու մեղադրանքով:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը ձերբակալվածի հարազատներին առաջարկել է ըմբռնմամբ մոտենալ այդ երկրի յուրահատկություններին, որտեղ «հայկական ծագումը շատ է բարդացնում նրա պաշտպանությունը»:
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները` նախնական քննությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան եւ շրջանառության մեջ դրվել դատավոր Սամիր Ալիեւի կողմից: Նախապատրաստական դատական նիստը կսկսվի ապրիլի 26-ին:
Ուելդանովի փաստաբան Գուբադ Սալաեւը հայտնել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված ոչ մի մեղադրանքով եւ պատրաստ է իր անմեղությունն ապացուցել դատարանում:
Սակայն որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ շտապել են Ուելդանովին որպես «հայ լրտես» ներկայացնել: Դրա համար պաշտոնական հիմքեր չկան, սակայն լրագրության ոլորտից որոշ դուրսպրծուկներ շատ են ցանկանում ծառայողական դիրքն օգտագործել սուտ ու կեղծիք տարածելու նպատակով:




























