Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից մի քանի օր առաջ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են ընտրողների ցուցակներում հնարավոր խնդիրների մասին։ Ըստ լրատվամիջոցների՝ մինչեւ 500 հազար մարդ այդ ցուցակներում կարող է երկու անգամ գրանցված լինել, ինչի մասին արդեն համապատասխան ահազանգեր են եղել բազմաթիվ քաղաքացիներից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Monde թերթը գրում է, որ Ֆրանսիայի մի շարք քաղաքացիների անուններ երկու անգամ են գրանցվել ընտրական ցուցակներում։ Մասնավորապես Պոլ Մ․-ն նախկինում ապրել է Վերսալում ու Շավիլ տեղափոխվելուց հետո գրանցվել որպես ընտրող ՝ իր նոր բնակության հասցեով։ Սակայն երկու հասցեներով էլ նրա անունով գրանցման քարտեր են ուղարկվել։

Այդ դեպքը, ըստ լրատվամիջոցների, միակը չէ, այդ իրավիճակը պայմանավորված է բնակության վայրի փոփոխության հետ։ Բացի դրանից մի շարք ընտրողներ հայտնել են ,որ 2012-ի ընտրություններին էլ է նմանատիպ իրավիճակ եղել։ Նույն խնդրի մասին են գրել նաեւ L'Obs, Figaro պարբերականները։

Լրագրողները հարց են բարձրացնում՝ արդյոք այդ խնդիրը  կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ հաշվի առնելով կրկնաքվեարկության հնարավորությունը։ Նման խախտման համար Ֆրանսիայի բնակիչները կարող են տուգանվել մինչեւ 15 հազար եվրոյով կամ էլ ազատազրկվել վեց ամսից երկու տարի ժամկետով։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, առաջինը կկայանա ապրիլի 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին։