Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել է Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 15-ին, նրա շահերի  պաշտպան Արմեն Մելքոնյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Արմեն Մելքոնյանի խոսքով, Ալեքսան Սամսոնյանին վերագրել են որոշ արարքներ, որոնք նա չի կատարել՝ ուռճացված են նաեւ հատված ծառերի թվերը:

«Անհիմն մեղադրանք է, եւ հատված ծառերի քանակն էր ավելացվել, եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ պատճառված վնասը բազմապատկվել էր տասը գործակցով եւ ըստ իրենց կազմում էր 2 մլն 860 հազար դրամ, բայց միջնորդություն եմ ներկայացրել 3 մլն դրամ գրավ, մերժել են: Իմ պաշտպանյալը հատած 3 ծառի հետ բացարձակապես կապ չունի, այնտեղ ուրիշի սեփականությանը պատկանող մի կտրած ծառ էլ են վերագրել նրան:

Ես չգիտեմ՝ դատարանը սրանով ինչ խնդիր լուծեց, անձին, ով իր խնամքին ունի երկրորդ կարգի հաշմանդամ մայր, անչափահաս երեխաներ, նախկինում չդատված, 3 բարձրագույն կրթություն ունեցող մարդուն կալանավորեց»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանի խոսքով, արարքն ուռճացվել է, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 1-ին մասով, այլ 3-րդ, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: