Արարատի մարզի Այնթափ գյուղում դպրոցականներին գյուղի ծայրամասից դպրոց տանող ավտոբուսն արդեն 3 օր է չի գործում, որը դժգոհություն է առաջացրել երեխաների ծնողների շրջանում: Ապրիլի 14-ին երեխաները դպրոց գնալու փոխարեն բողոքի ակցիա են իրականացրել գյուղում՝ պահանջելով վերականգնել գյուղի ծայրամասից երեխաներին դպրոց հասցնող ավտոբուսը:
«Ազատության» հետ զրույցում երեխաներն այս ամենի մեջ մեղադրել են Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում հաղթած ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանին ՝ նշելով, որ հենց նա է հանել տվել իրենց դպրոց տանող ավտոբուսը: Այնթափի գյուղապետն էլ ասել էր, որ ավտոբուսի վարորդին ինքն էր վճարում, սակայն, այլեւս գումար չունի եւ հենց այդ պատճառով էլ այն այլեւս չի գործելու:
NEWS.am-ի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը նշեց, որ կապ չի ունեցել տվյալ ավտոբուսի հետ եւ իր համար անհասկանալի է, թե ինչու են երեխաներին իր անունը սովորեցրել եւ ինչու են նրանք պնդում, թե հենց ինքն է որոշում կայացրել, որ երեխաներին դպրոց տանող ավտոբուս այլեւս չգործի:
«Ընդհանրապես կապ չունեմ այդ ավտոբուսի հետ: Ես ասել եմ՝ կարող եք կանչել ծնողներին, համայնքի ղեկավարին, ավտոբուսի վարորդին՝ հարցնեմ, որեւէ անգամ այդ վարորդին փող տվե՞լ եմ, թե ոչ, կամ ինձ տեսե՞լ եք, ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Գաղափար չունեմ, թե ինչի մասին է խոսքը, այսքան ժամանակ չեմ էլ իմացել, որ նման ավտոբուս է եղել: Մասիսում էլ, երբ նախընտրական շրջանում դեպք եղավ՝ 2-3 երիտասարդ փողի հետ կապված ծեծկռտուք սարքեցին, համայնքապետը «Բարգավաճից» էր, սրիկայություն արեցին իրար ծակեցին, էլի քցին իմ վրա: Ես դրա հետ ի՞նչ կապ ունեի, 4 կողմից սրիկայություն են անում էլի: Ցավալին էն ա, որ երեխեքին են խառնում էս ամեն ինչի մեջ: Թե էդ երեխաներն իմ անուն ու ազգանունը որտեղի՞ց գիտեն»,-ասաց նա:
Մուրադ Մուրադյանը չբացառեց այս պատմությանը «Ծառուկյան» դաշինքի մասնակցությունը. «Նախկին մարզպետը ԲՀԿ-ի շտաբի ղեկավարն էր, ինքն էդ գյուղից ա, միգուցե սրիկայությունն էդտեղից էլ գա, իրենք իմ անունը խառնեն էս ամեն ինչին: Էդ գյուղում իր թեկնածուն՝ Արգամ Աբրահամյանը, պարտվել ա ինձ, բայց 100 տոկոս չեմ կարողանում ասել»
Մուրադ Մուրադյանի նաեւ նշեց, որ պատրաստ է երեխաներին ավտոբուս ապահովել միայն այն ժամանակ, երբ պարզվի, թե իրականում ովքեր են այս պատմության մեջ խառնված եւ ինչու են իր անունը ներքաշել սրա մեջ. «Մինչեւ հանրությանն իրականությունը չմատուցվի, ես չհասկանամ, չեմ անի ոչ մի բան, չեմ ուզում էդ թեմայի մեջ խառնվեմ: Մենակ պատրաստ եմ խառնվել էն ժամանակ, երբ ամեն ինչ պարզվի: Հիմա, եթե ես փորձեմ օգնեմ, պիտի ասեն՝ ինքն էս ամեն ինչը սարքել ա, հիմա էլ եկավ օգնեց, եսիմ ինչ: Մնացածը կուզեի ամեն ինչ ջրի երես հելներ, հասկանայի՝ իմ մեղքը ո՞րն ա, գոնե մի տոկոս, եթե մի տոկոս էլ մեղք ունենամ, թող 99 տոկոսն էլ գցեն իմ վրա»,-ասաց նա:




























