Անհասկանալի է, թե ինչու «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն հրաժարվեցին մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Երեւանի ավագանու ընտրություններում ավելի շատ բան է պարզ: «Պարզ է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կհաղթի: Պարզ է, որ Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությունը շատ քիչ ձայներ կստանա: Ահնասկանալի է միայն ՀՀԿ-ի ու «Ելք» դաշինքի ձայների հարաբերակցությունը»,-նշել է Քոչարյանը:
Խոսելով այն հարցի մասին, թե ինչու է ընդամենը երեք քաղաքական ուժ մասնակցում մայրաքաղաքային ընտրություններին,քաղտեխնոլոգը նշել է. «Եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքների եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քաղաքային ընտրություններին չմասնակցելը հասկանալի է, ապա ինձ համարա բացառապես անհասկանալի է` ինչու «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն հրաժարվեցին մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»: Կարեն Քոչարյանը դա նրանով է բացատրել, որ ՀՅԴ-ն կբավարարվի իշխող կոալիցիայում հայտնվելով` ՀՀԿ-ի բարի կամքով: «Իսկ «Ծառուկյան» դաշինքը հավանաբար լուծում էր 2018 թվականի խնդիրը, եւ Գագիկ Ծառուկյանը` որպես օլիգարխ, փորձեց ապահովագրել իր ապագան ու բիզնեսը Ազգային ժողովում լուրջ խմբակցություն ունենալով: Այդ պատճառով էլ Երեւանի ավագանին նրան նույնիսկ չի հետաքրքրում»,-ասել է քաղտեխնոլոգը:




























