Երեւանի բնակիչները դժգոհ են մայրաքաղաքի տրանսպորտի վիճակից եւ մաքրության մակարդակից:
Ապրիլի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Էմ Փի Ջի» ԲԲԸ-ի տնօրեն (Gallup International Association-ի հայաստանյան լիազոր ներկայացուցիչ) Արամ Նավասարդյանը՝ ըստ կատարած հարցման արդյունքների:
Հարցումն ապրիլի 12-ից 20-ը անցկացվել է Երեւանի բոլոր շրջաններում: Հարցմանը մասնակցել է 1044 մարդ:
Հարցման արդյունքների համաձայն՝ պատասխանողների գրեթե կեսը քիչ թե շատ գոհ է իրավիճակը բարելավելու քաղաքային իշխանությունների փորձերից: Կեսը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին: Սակայն ավելի քան 9 տոկոսը կտրուկ հայտարարել է, որ ընտրություններին չի մասնակցի:
Հարցվածների երրորդ մասը նշել է մայաքաղաքում մաքրության խնդիրների մասին: Նրանք խնդիրների թվում նշել են կանաչ տարածքների մեծացման հարցը, շաբաթօրյակների անցկացումը, խաղահրապարակների կառուցումը:
Որպես կանոն, դժգոհություն են հայտնել հասարակական տրանսպորտից, նրա տեխնիկական վիճակից, ծանրաբեռնվածությունից: Դա հատկապես վերաբերում է երթուղային միկրոավտոբուսներին:
Մայրաքաղաքի բնակիչները քիչ թե շատ գոհ են մայրաքաղաքի լուսավորությունից: Սակայն ըստ շրջանների բնակիչների կարծիքները տարբեր են: Մաքրության առումով վատագույն վիճակը Նուբարաշենում է, լավագույն վիճակը՝ Կենտրոնում: Կանաչապատման տեակետից եւս վիճակը վատ է Նուբարաշենում եւ Շենգավիթում:
Որքան էլ տարօրինակ է, չնայած երկար տարիների ընթացքում չլուծված բազմաթիվ խնդիրներին, հարցվածների 61 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին, 11,5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանի, 3,9 տոկոսը Զարուհի Փոստանջյանի:




























