Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամներն այսօր քարոզարշավ են իրականացնում Ավան թաղամասում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հորդորեց ավանցիներին քվեարկել «Ելք»-ի օգտին եւ թույլ տալ շարունակել ապրիլի 2-ին սկսված փոփոխությունները. «Շնորհակալություն ենք հայտնում ապրիլի 2-ին «Ելք» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիներին, նաեւ իրենց խղճի մտոք եւ առանց ընտրակաշառքի իրենց ընտրությունը կատարած քաղաքացիներին: Ապրիլի 2-ին սկսվել են փոփոխություններ, սայլը տեղից շարժվել է: Մայիսի 14-ին ձեր ընտրությամբ օգնեք շարունակել այդ փոփոխությունները, օգնեք տեղից շարժել փոփոխությունների հածանավը: Եկեք միասին ասենք, որ ելք կա մահվան վերելակներին, ցանց-տանիքներին»,-ասաց նա:

Նշենք, որ «Ելք» դաշինքը, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, այս անգամ եւս իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է բակերում՝ բաժանելով բուկլետներ: Փաշինյանը ձեռքով ողջունում է բնակիչներին, խանութների աշխատողներին, նույնիսկ փոքր երեխաներին՝ հարցնելով, թե արդյոք կողմնորոշվե՞լ են իրենց դիրքորոշման հարցում:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի համաձայն, ընտրվելու դեպքում քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում բացելու է մետրոյի մեկ կայարան, լուծվելու է հանրային տրանսպորտի խնդիրը, մարդիկ մեծ մասամբ երթեւեկելու են ավտոբուսներով, տրոյլեյբուսներով եւ մետրոյով, տնկվելու է 500 հազար ծառ, ստեղծվելու են հանրային լողավազաններ: