Սոցապնախարարության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Բաբայանը, որը մեղադրվում է գորիսեցի կնոջից կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ, դատապարտվել է 5 ամսվա ազատազրկման:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Բաբայանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 5 ամիս ժամկետով, միեւնույն ժամանակ, զրկել նրան որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Բաբայանին դեռեւս 2014թ. դեկտեմբերին դիմել է Գորիսի բնակչուհի Անահիտ Հ.–ն եւ խնդրել իրեն մասնակի կենսաթոշակ նշանակել։ Դրա դիմաց պաշտոնյան պահանջել է ընդհանուր 100 հազար դրամի չափով ապօրինի վարձատրություն, որից 50 հազար դրամը ստացել է օրեր անց, իսկ մնացածը՝ 2015թ. ապրիլին, երբ արդեն Անահիտ Հ.–ն 4 անգամ ստացել էր կենսաթոշակ։
Աշոտ Բաբայանը կալանքի տակ է 2016թ. հոկտեմբերից:
Գործով դատախազը համաձայն չէ դատավճռի հետ եւ վերաքննիչ բողոք է ներկայացրել:




























