Շատ եմ ուզում շարունակել իմ գործունեությունը Երեւանի ավագանու կազմում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, իսկ հիմա նաեւ «Ելք» դաշինքի կողմից ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:

«Այն, որ գալու ենք, դրա մասին կասկած չկա, բայց շատ-շատ կարեւոր կլինի, որ մենք մեծամասնություն կազմենք ավագանիում, որպեսզի մեր ժողովուրդը մի անգամ իր ընտրությամբ իշխանությունը փոխելու միջոցով իսկապես տեսնի՝ նրանք տարբեր բաներ են, թե բոլորը մեկ են, ինչպես շատերն են հիմա ասում»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե «Ելք»-ը մեծամասնություն ունենա Երեւանի ավագանիում, ապա հաստատ երեւանցիները կզգան իշխանության տարբերությունը:

Բախշյանը նշեց, որ եթե «Ելք»-ը հաղթի, առաջին քայլերից մեկը կլինի հաջորդ տարվա բյուջեի նախատեսումը, որը վերին աստիճանի նպատակային ու թափանցիկ կլինի. «Իմ համոզմամբ, Երեւանում շատ փող կա, բայց էդ փողը մի տեսակ չի երեւում, որովհետեւ, եթե օրինակ խոսում ենք, թե ինչու մանկապարտեզներում խմբերը չենք ավելացնում, ասում են՝ դա բյուջեից է, դժվար է, էդքան չենք կարող տրամադրել: Հիմա հարց. կա՞, թե չկա փող: Կա եւ շատ փող կա, մնում է դա արդյունավետ ծախսել»: