Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահսկում է երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները: Ապրիլի 28-ին Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկման ժամանակ իր եզրափակիչ խոսքում այս մասին ասել է իրավաբան Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Գրիգորյանի խոսքով՝ ընդարձակ լիազորություններով նախագահի ինստիտուտն ու դատական իշխանությունը նույնպես վերահսկում է ՀՀԿ-ն: «Մենք գործ ունենք կուսակցության հետ, որը վերահսկում է իշխանության բոլոր երեք ճյուղերը»,- ընդգծել է Վահե Գրիգորյանը:
Իրավաբանի խոսքով՝ երկրում տիրող հակասահմանադրական իրավիճակն արդեն խորը արմատներ ունի: «Եվ եթե այս դատարանը շարունակի նույն ոգով, ապա չի կարողանա բավարարել արդարության գոնե նվազագույն պահանջները»,- հավելել է Գրիգորյանը:




























