Սիսիանում, նախնական տվյալներով, ավագանու անդամի կողմից սեռական ոտնձգության ենթարկված 16-ամյա աղջկա գործով դատաբժշկական փորձաքննության մի մասի արդյունքներն արդեն պարզ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ 16-ամյա աղջկա մորից՝ տիկին Կարինեից: Նա նշեց, որ փորձաքննության արդյունքներով դեպքի վայրում հայտնաբերված արյան հետքից վերցված նմուշը համընկնում է սեռական ոտնձգության ենթարկված 16-ամյա աղջկա արյան խմբին:

Մոր խոսքով, դեպքից հետո 16-ամյա Լ.-ն առողջական բազմաթիվ խնդիրներ է ձեռքբերել:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում 16-ամյա աղջկան բռնաբարելու մեջ կասկածվող  Բ. Ս.-ն  նշել էր, որ երբեւէ չի մոտեցել անչափահաս աղջկան: Բ. Ս.-ն Սիսիանի ավագանու անդամ է ընտրվել 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Սիսիանի 16-ամյա աղջիկը հաղորդում է ներկայացրել, որ Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով եւ բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:

Կատարվում է քննություն: