Ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրը շաբաթ՝ ապրիլի 29-ին, մտել է Ճապոնական ծով, հայտնում է NHK-ը:

Նավը մասնակցում է ապրիլի 23-ին մեկնարկած ԱՄՆ ՌԾՈւ-ի եւ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի համատեղ զորավարժություններին: Առաջիկայում համատեղ զորավարժություններ են սպասվում հարավկորեական ուժերի հետ:

Նշվում է, որ այս միջոցառումների նպատակը Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելն է: Ուրբաթ իրականացվել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակում, որը հավանաբար դասվում է միջին հեռահարության KN-17 հրթիռների կարգին: Փորձարկումն անհաջող է անցել. ԱՄՆ հետախուզության տեղեկություններով՝ հրթիռի հիմնական մասը ընկել է օդանավակայանից մոտ 5 կմ հեռավորությամբ:

Ապրիլի սկզբին Հյուսիսային Կորեայում հրթիռի արձակումից հետո ամերիկյան ավիակրային հարվածային խումբը՝ «Կարլ Վինսոն» ավիակրի հետ ուղղվել է Կորեական թերակղզու ափ: Ավիակիրն այս շրջանում կմնա մոտ մեկ ամիս: Հարվածային խմբի մեջ են մտնում հրթիռային Lake Champlain (CG-57) հածանավը եւ Michael Murphy (DDG-112) ու Wayne E. Meyer (DDG 108) էսմինեցները, որոնք հագեցած են վաղ հայտնաբերման Aegis համակարգերով:

Կորեական թերակղզու իրավիճակը համարվում է միջազգային քաղաքականության ամենալարված թեմաներից մեկը: Հաղորդվում էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հյուսիսկորեական ռազմական օբյեկտներին նախազգուշացնող հարված հասցնել, եթե Փհենյանը որոշի միջուկային եւս մեկ փորձարկում կատարել: Ի պատասխան Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ այդ դեպքում կիրականացնի կանխող հարված:

Ավելի ուշ ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է Հյուսիսային Կորեայի վրա դիվանագիտական եւ պատժամիջոցային ճնշում գործադրել, նաեւ Չինաստանին ներգրավել, որ Փհենյանին ստիպի հրաժարվել հրթիռային եւ միջուկային ծրագրերից: