ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը բացառել է դաշինքի մասնակցությունը Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության լուծմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Անցած շաբաթ ես բազմաթիվ ժամեր եմ անցկացրել Սպիտակ տանը ու ես կարող եմ երաշխավորել, որ Հյուսիսային Կորեայի հարցում ՆԱՏՕ-ի դերի մասին բանավեճեր չեն եղել»,- ասել է գլխավոր քարտուղարը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Սթոլթենբերգը հավելել է, որ դաշինքը քննարկում է  «ՄԱԿ-ի բանաձեւերի անթույլատրելի ու մշտական խախտումները Փհենյանի կողմից»։

Հյուսիսային Կորեան նախօրեին բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել՝ Փհյոնան- Նամդո նահանգի Պուկչհան շրջանից հյուսիս- արեւելյան ուղղությամբ։ Ամերիկացի ու ճապոնացի զինվորականները համարում են, որ բալիստիկ հրթիռը ընկել է հյուսիսկորեական տարածքում՝ արձակման վայրից 50 կմ-ի սահմանում։ Հրթիռի տեսակը դեռ հայտնի չէ։ Փորձագետների կարծիքով դա կարող էր լինել Scud ER,  այսինքն գործողության մոտ շառավղի հրթիռ՝ թռիչքի ավելացված հեռահարությամբ, կամ էլ գործողության միջին շառավղի KN-17 հրթիռ։