Հայաստանի արդարադատության նախարարությունը կալանավորներին բանտերից ազատ չի արձակում որպես ընտրություններին «աջակցության խումբ»: Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նա նշել է, որ Արդարադատության նախարարությունը չի դադարում խթանել կալանավորներին ժամկետից շուտ պայմանական ազատ արձակելը` բանտերի բեռնաթափման եւ դատապարտյալներին հասարակություն շուտափույթ վերադարձի համար: Բայց դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Ի հաստատումն, պաշտոնյան առաջարկել է ժամկետից շուտ ազատ արձակվածների վիճակագրությանը հետեւել մեկ տարի անց, երբ չեն լինի ոչ խորհրդարանական, ոչ Երեւանի ավագանու ընտրություններ:

«Դուք կտեսնեք, որ մենք ավելի շատ մարդկանց ազատ կարձակենք: Ամեն դեպքում, մենք դրա հույսն ունենք»,- հավելել է Քրմոյանը: