Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի տարածքում հնագետները հոների ներկայացուցիչներին պատկանող 18 դամբարան են գտել, որոնք երկրի տարածքում քոչվոր կյանք են վարել 1,8 հազար տարի առաջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Այս բոլոր համահավաք դամբարանները ներսից աղյուսով են շարված, եւ դրանք չի կարելի վերագրել Չինական մեծ հարթավայրի դասական դամբարաններին: Դրանք, ենթադրաբար, Արեւելյան Հան դինաստիայի ավելի ուշ ժամանակաշրջանին են պատկանում (մ.թ. 25-220 տարիներին), այսինքն՝ մոտ 1,8 հազար տարի առաջ»,-լրագրողներին ասել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի աշխատակից Շեն Վենսին:
Նրա խոսքով՝ բոլոր դամբարանները լավ են պահպանվել, որոնցից յուրաքանչյուրում հին իրեր են գտնվել, որոնք, Շեն Վենսիի խոսքով, պատկանել են հոներին եւ նրանց, ովքեր նրանց հետ անմիջական շփումներ են ունեցել:
Հայտնաբերվել են բրոնզե կաթսաներ, ուլունքներ, ոսկե ականջօղեր, դաշույններ եւ հոների կենցաղի այլ իրեր: Դամբարանները մեծ նշանակություն ունեն, քանի որ, ի տարբերություն մնացյալների, կողոպտիչների ոտնձգություններին չեն ենթարկվել: Սա գիտնականներին թույլ է տալիս այդ հեռավոր դարաշրջանի նոր կարեւոր մանրամասներ պարզել: Սպասվում է, որ դամբարաններն ամբողջությամբ կբացվեն նոյեմբերին, որից հետո հնագետները կսկսեն բազմակողմանի համակարգված հետազոտությունը:




























