Վրաստանի Կրթության ու գիտության նախարարությունը լրջորեն մտահոգված է դպրոցական սննդի հետ կապված եւ աշխատում է դպրոցական ճաշարաններն առողջ սնունդով ապահովելու ուղղությամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Արդեն մոտ ապագայում Վրաստանի դպրոցական ճաշարաններում կանհետանան շոկոլադները, սնեյքները, գազավորված ըմպելիքներն ու այլ մթերքները, որոնք վնասակար են դեռահասների առողջության համար։

Կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան հայտնել է, որ իր գլխավորած գերատեսչությունը ակտիվ աշխատանքներ է տանում գյուղնախարարության հետ՝ դպրոցներին առողջ սնունդ մատակարարելու համար։

«Դա կլինի առողջ սնունդ՝ բանջարեղեն, մրգեր։ Մենք պետք է աշխատենք։ Շվեդիան նախագիծ ուներ, գյուղնախարարությունը սկսեց նախագիծը, եւ յուրաքանչյուր դպրոցի մուտքի մուտ խնձորներով տարա էր դրված։ Չես ցանկանում, մի կեր։ Իմ երազանքն է, որ յուրաքանչյուր դպրոցի մոտ խնձորներով տարա լինի։ Եթե չեն ցանկանում, թող չուտեն, վերջիվերջո, միեւնույն է, կուտեն, երեխաները քաղցրավենիք սիրում են եւ խնձորներին էլ կհասնեն», — ասել է Ջեջելավան։