Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը եւ նրա ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դանֆորդը Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի եւ Իրաքի իրավիճակը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ Վաշինգտոնում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի նախաշեմին: Այցը նախատեսված է մայիսի կեսին: Գլխավոր շտաբների պետերի հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Հետախուսական ազգային կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը եւ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչները Աստանայում միջազգային բանակցությունների հերթական ռաունդում, որն անցկացվել է մայիսի 3-4-ին, հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաէսկալացման 4 գոտիների ստեղծման մասին: Այն ներառում է Իդլիբի նահանգը, նաեւ Լաթաքիայի, Համայի եւ Հալեպի միավորված նահանգների որոշակի հատվածները, Հոմս նահանգի հյուսիսային որոշակի հատվածները, Արեւելյան Գուտան, Սիրիայի հարավի որոշակի հատվածները՝ Դերաա եւ Քունեյթրա նահանգները:

Սիրիայում զինված դիմակայությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: 2015 թվականի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին: Ռուսաստանի աջակցությամբ Դամասկոսին հաջողվել էիրավիճակի մեջ բեկում մտցնել եւ առանցքային ուղղություններով հարձակման անցնել: