Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանը հիմնավորապես պատրաստվել է նոր ուսումնական տարվան։ Մարտունու շրջանային վարչության կրթության բաժնի տվյալներով, վերանորոգվել են մի շարք դպրոցներ, համալրվել է կրթօջախների նյութա-տեխնիկական բազան։ Դպրոցները հիմնականում ապահովված են դասագրքերով և ուսումնական գրականությամբ։

Շրջանի կրթօջախների նյութա-տեխնիկական բազայի ապահովման գործում էական ներդրում են կատարել բարեգործական կազմակերպությունները։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 15 մլն. դրամի գույք է տրամադրել նախադպրոցական հաստատություններին։

Շրջանում կառուցվում են նաև նոր դպրոցներ։ Ավարտին է մոտենում Ճարտար և Սպիտակաշեն գյուղերի դպրոցների շենքերի շինարարությունը, շարունակվում է Գիշի գյուղի դպրոցի շինարարությունը։ Շրջանում առաջին դասարան ընդունվածների թիվը մնացել է նախանցյալ տարվա մակարդակին, այսինքն՝ 355 երեխա։