Քչերը գիտեն, որ Երկրորդ համշխարհայինի ժամանակ զինվորների կողքին կռվել են նաեւ նրանց չորքոտանի հավատարիմները՝ ձիեր,  ուղտեր, շներ, կատուներ, աղվանիներ: Ինչպես մարդիկ, նրանք նույնպես կատարել են ամենաանհավատալի սխրանքներ, գրում է «ՄԻՐ»-ը:

Կատուներ

Իրենց զգայունության եւ ինտուիցիայի շնուհիվ՝ կատուները մեկ անգամ չէ, որ կյանքեր են փրկել: Նրանք գրեթե միշտ անսխալ որոշել են մոտալուտ ռմբակոծումը, ակտիվ սկսել են անհանգստություն դրսեւորել՝ այդպիսով տերերին զգուշացնելով վտանգի մասին: Կատուները մեծ դեր են խաղացել Լենինգրադի շրջափակման ժամանակ: Նրանք պաշտպանել են Էրմիտաժը առնետների վնասարարություններից: Սակայն, ցավոք, եղավ մի պահ, երբ քաղաքում արդեն կատու էլ չէր մնացել, եւ քաղաքը  հայտնվել էր առնետների գրոհի տակ: Ուստի չորս վագոն կատու բերվեց Լենինգրադ: Նրանք սկսեցին քաղաքը մաքրել կրծողներից:

Կատուներն օգնում էին նաեւ զինվորներին վերապրել պատերազմը: Զինվորներն իրենց գետնահյուղերում կատուներ էին պահում, որոնք թույլ չէին տալիս, որ կրծողները վարակ տարածեն: Լեգենդների թվում է շիկակարմիր կատվի մասին պատմությունը, որն ապրում էր Լենինգրադի մոտ տեղակայված զենիթային գումարտակում  եւ անսխալ կանխազգում էր թշնամու ավիագրոհները: Ընդ որում՝ խորհրդային օդանավերին նա չէր արձագանքում: Գումարտակի հրամանատարությունը ըստ արժանվույն էր գնահատում կատվի ունակությունները:

Շներ

Այս կենդանիները կրակի գոտուց դուրս էին բերում վիրավորներին  եւ զինամթերք էին մատակարարում մարտի դաշտ:

Ամենաթեժ տեղերում կապավոր շները կարեւոր հանձնարարություն էին կատարում: Անտառներում ու ճահիճներում որոնում էին վիրավոր զինվորներին ու նրանց բերում բուժակների մոտ: Շների օգնությամբ 303 քաղաք  եւ բնակավայր է ականազերծվել:

Ամենահայտնի շունը գերմանական հովվաշուն Ջուլբարսն էր: Նա ծառայում էր  14-րդ ինժեներա-սակրավորական բրիգադում: Ջուլբարսը միակ շունն է, որը պարգեւատրվել է «Մարտական սխրանքների համար» մեդալով:  Նրա շնորհիվ ականազերծվել է  գրեթե  7,5 հազար ական եւ ավելի քան 150 արկ՝ Չեխոսլովակիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի տարծքում: 1945 թվականին շունը մասնացել է Կարմիր հրապարակի շքերթին: Սակայն Մոսկվայում հունիսի 24-ին Հաղթական շքերթից առաջ Ջուլբարսը վնասվածք է ստացել եւ չի կարողացել անցնել ռազմական շների շարասյան հետ: Այդ ժամանակ Ստալինը կարգադրել է շանը տանել իր շինելի վրա:

Աղավնիներ

Քանի որ պատերազմի սկզբում լարային կապը գործում էր միայն երեք կմ հեռավորության վրա, իսկ  ռադիոն՝ հինգ, տեխնիկան  էլ հաճախ էր շարքից դուրս գալիս, օգնության էր գալիս աղավնիների փոստը: Պատերազմի տարիներին փոստային  աղավնիների միջոցով 15 հազար նամակ է փոխանցվել: Աղավնիները լուրջ վտանգ էին ներկայացնում թշնամու համար, դրա համար նացիստները դիպուկահարներին հրամայել էին սպանել աղավնիներին:

Ամենահայտնի փոստային աղավնին՝ «Գոլուբչիկ» մականունով,   «ծառայում էր»  սուզանավի վրա:  Ռազմական գրոհներից մեկի ժամանակ նավը, փախչելով հետապնդումից, հայտնվել  էր ականպատ տարածքում, լուրջ վնասվել էր, կապի միջոցները շարքից դուրս էին եկել եւ չէր կարողացել  վերադառնալ բազա: Այդ ժամանակ էլ օգնության է գալիս աղավնին՝ ավելի քան 1000 կմ թռչելով եւ նամակը հասցնելով տեղ:

Արդյուքնում նավն օգնություն է ստանում եւ խորհրդային մյուս սուզանավի օգնությամբ  հասնում բազա:

Ձիեր

Պատերազմի ժամանակ ձիերին որպես տրանսպորտային միջոց էին օգտագործում, հատկապես՝ հետեւակում:  Հրանոթը վեց ձիեր էին տեղափոխում՝ փոխելով գումարտակների կրակակետերի դիրքերը: Բացի այդ, ձիերը  կարող էին  հասնել այնպիսի տեղեր, որտեղ ոչ մի տեխնիկա չէր հասնի: Շատ լազարեթներ հենց ձիերի կառքերի վրա էին:

Վիրավոր ձիերին երբեք  չէին լքում, այլ հավաքում էին ու ուղարկում հատուկ անասնաբուժական լազարեթներ: Ծանր վիրավոր ձիերին անգամ վիրահատում էին, հետո խնամում մինչեւ ապաքինվելը:

Ուղտեր

Ուղտերի օգնությունը խորհրդային բանակին հատկապես պետք եկավ Ստալինգրադի պաշտպանության ժամանակ: Այդ ժամանակ հրետանու ու արկերի տեղափոխման ժամանակ ոչ տեխնիկան, ոչ էլ ձիերը չէին բավարարում: Եվ հրամանատարությունը որոշել էր ներգրավել ուղտերի: Այդ կենդանիները կարողացել են ամեն մեկը 200 կգ բեռ տեղափոխել  եւ շաբաթներով դիմանալ առանց  ջրի:

Ամենահայտնի ուղտերը եղել են «Յաշկա» եւ «Մաշկա» մականունով ուղտերը՝ Աստրախանում ձեւավորված  902-րդ գնդից: Նրանք մինչեւ Բեռլին տեղափոխել են ծանր հրետանային տեխնիկան, դաշտային խոհանոցը: Պատերազմից հետո որոշվել է ուղտերին ուղարկել սպանդանոց, բայց զինվորներն ու սպաները կտրուկ դեմ են եղել. ոչ ոք չի ցանկացել ուտել իր մարտական ընկերոջը: Որոշվել է Յաշկային ու Մաշկային թողնել Բեռլինի կենդանաբանական այգում: