Առնվազն 7 հազար մարդու մասունքներ են հայտնաբերվել Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի տարածքում։ Հուղարկավորությունների ընդհանուր տարածքը մոտ 8 հեկտար է, հաղորդում է BBC-ն։

XIX – XX դարերում այնտեղ հոգեբուժարան է եղել, որտեղ էլ հուղարկավորել են մահացած հիվանդներին։ 

Իշխանությունների տվյալներով՝ արտաշիրմումը եւ նորից հուղարկավորելը 21 մլն դոլար կարժենա։ Բժշկական կենտրոնի աշխատակազմն ավելի էժան տարբերակներ է փնտրում։

Դրանցից մեկը սեփական ուժերով արտաշիրմում կատարելն է։ Նախնական հաշվարկներով՝ առաջիկա 8 տարում դա տարեկան 400 հազար դոլար կարժենա։ Նախատեսված ծախսերը ներառում են հուշաքարի եւ լաբորատորիայի ստեղծումը, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրել հանգուցյալների աճյունները եւ պահպանված իրերը։

Հոգեբուժարանն առաջինն է եղել Միսիսիպի նահանգում։ Այն բացվել է 1855 թվականին եւ գործել մինչ 1935 թվականը։