Ժողովրդագրության, միգրացիայի եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտում մշակել են «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակի մասին» դաշնային օրենքի հայեցակարգի օրինագիծ, որով նախատեսվում է հարկ սահմանել քիչ երեխաներ ունենալու համար, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը:
Փորձագետների հետ համատեղ մշակված օրինագիծն ուղարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Օրինագծի հեղինակները նշում են, որ խոսքը վճարումների գանձման մասին է մեկ երեխա ունեցող կամ բժշկական ցուցանիշներով չպայմանավորված երեխա չունեցող ընտանիքներից: Հարկի չափը դեռեւս չի որոշվել:
Միջոցառումներ են նախատեսվում նաեւ բազմազավակ ընտանիքների խրախուսման համար, որոնց է, ըստ հեղինակների, բաժին ընկնում երկրի բոլոր երեխաների հինգերորդ մասը: Առաջարկվում է այս ընտանիքներին ամսական որոշակի գումար վճարել, որը կախված կլինի երեխաների թվից, եւ նրանց կոնկրետ իրեր կամ ծառայություններ մատուցել: Առաջարկվում է երեխաներին մեծացնելու ժամանակահատվածը ներառել աշխատանքային ընդհանուր ստաժի մեջ:
Նախագծով նաեւ նախատեսվում է բազմազավակ ընտանիքներին «ժողովրդագրական ապագայի քաղքներում» բնակվելու իրավունքի տրամադրում: Եթե ընտանիքը չցանկանա նման բնակավայրում ապրել, առաջարկվում է փոխհատուցել հիփոթեքային վարկի վերադարձը ըստ 4-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելու փաստի՝ յուրաքանչյուրի համար 20 տոկոսով:




























