«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղթելով Երեւանի ավագանու ընտրություններում, կադրային ջարդ չի իրականացնելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
«Փորձառու աշխատակիցները մեզ համար պահանջված են լինելու»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ նախկինում իրենք հայտարարել էին, որ ողջ իշխանական համակարգը կոռումպացված է, ստացվում է, որ կոռումպացված չինովնիկները շարունակելու են աշխատե՞լ, Փոստանջյանը պատասխանեց. «Հիմնական կոռումպացված չինովնիկը գտնվում է Բաղրամյան 26-ում եւ իրենից է բխում մնացած չինովնիկների արատավոր վարքագիծը: Այսինքն վերեւից պետք է սկսել, այնտեղից են հրահանգները գալիս: Եթե վերեւում չգողանան, հնարավոր չէ, որ գողություն լինի ներքեւում: Եթե կոռուպցիան վերեւից չգար, տրանսպորտը նման խայտառակ վիճակում չէր լինի: Եթե միկրոավտոբուսին թույլատրվում է տեղափոխել 10 ուղեւորի, բայց տեղափոխում է 25-30 մարդու, իսկ ոստիկանության աչք է փակում դրա վրա, սա խոսում է այն մասին, որ կոռուպցիան վերեւում է: Կոռուպցիոները վարորդը չէ»:
Նրա խոսքով, Հայաստանում ստվերային տնտեսությունը հասնում է 60 տոկոսի, Հայաստանից ապօրինի կերպով դուրս է բերվել 30 մլրդ դոլար, պետական պարտքը կազմում է շուրջ 8 մլրդ դոլար. «Այս ամենի հեղինակները այն բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնց թիվը մոտ 3500 է»:
Համազգային նշանակության խնդիրները լուծելու, այդ թվում քաղաքական մենաշնորհը Հայաստանում վերացնելու համար «Երկիր Ծիրանին» առաջարկում է, որ երկրից հեռացած հայերը ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն (եթե չունեն) եւ
մասնակցեն քաղաքական գործընթացներին, քանի որ Հայաստանում ապրողները խոցելի են:




























