«Ելք» դաշինքի նախընտրական առաջարկը՝ 15-հազարական դրամ սոցիալական աջակցության մասին, բացառապես օրինական է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 11-ին Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու, դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իր ձայնն է կտրվել, ուստի պատրաստ է ստանձնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը, քանի որ, ձեւավորված ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ պիտի լինի նա, ով խոսել չի կարողանում։

Նա խոսել է իր աղմկահարույց հայտարարության մասին, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի, ով կհրաժարվի ընտրակաշառքով քվեարկելուց, մեր հաղթանակից հետո կստանա 15 հազարական դրամ։ «Այս առաջարկը մեծ աղմուկ առաջրկեց, կրքեր բորբոքեց, բայց էմոցիոնալ մթնոլորտում չարձանագրվեց ամենակարեւորը։ Վերջապես կա մի քաղաքական ուժ, որը կոնկրետ մեխանիզմ է առաջարկում ընտրակեղծիքի դեմ, ընդ որում, ամենատարածված կեղծիքների երկու տեսակի՝ ընտրակաշառքների եւ կարուսելի»,- ասել է Փաշինյանն ու հավելել. «Դրանք դարձել են ընտրական պրոցեսի ամենավճռական գործոնները, որոնք թույլ են տալիս լկտիանալ հանրապետական կուսակցությանը եւ քմծիծաղով վերաբերվել իշխանափոխության մասին հայտարարություններին։  Այս վիճահարույց քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների»։

Փաշինյանը նշել է, թե այս առաջարկով կարող է արմատախիլ անել ընտրակաշառքի եւ կարուսելի պրակտիկան։ «Այս փոլում մեր առաջարկը չի կանգնեցնի ընտրակաշառքի 17-ամյա անիվը, բայց քաղաքացին կստանա կոնկրետ մոտիվացիա՝ չքվեարկել ըստ ընտրակաշառքի։ Այս առաջարկը բացարձակապես օրինական է։ Չկա մի իրավաբան, որը կապացուցվի, որ սա անօրինական են։ Ընտրակաշառք եւ օրինական բառերը չեն կարող զուգորդվել։ Սա ընտրակաշառք չէ։ Սա մի պարզված ձեռք է ընտրակաշառքի ճահիճի մեջ խեղդվող մեր քաղաքացիներին։ Շանս է, որ նրանք պիտի օգտագորեն, եթե իսկապես ուզում են փրկվել։ Մենք այդ փրկագինն ենք վճարում՝ հանուն մեր քաղաքացիների փրկության»,- արձանագրել է Փաշինյանը։