«Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հաղթանակի դեպքում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո 10 հրատապ քայլ է կատարելու։ Այդ մասին նա ասել է Հյուսիսային պողոտայում դաշինքի հանրահավաքում։
«1. 70 տոկոսով կկրճատվեն Երեւանի քաղաքապետարանի մեքենաները։ Խնայված միջոցներով կլուծվի բոլոր կանգառների հարցը, որ ավտոբուսի սպասելիս սելավի տակ չթրջվեք։
2. Կհայտարարվի բաց մրցույթ Երեւանում վերելակների արտադրություն սկսելու համար։ Կերաշխավորենք, որ հինգ տարում վերելակ արտադրողների ամբողջ արտադրանքը կգնենք։ Հաղթողների մեջ «Ելք» դաշինքի որեւէ ներկայացուցչի ծանոթ, բարեկամի ընկերություն չի լինելու։ Եթե լինի, ես հրաժարական կտամ։
3. Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող եւ չօգտագործվող 230 ավտոբուսները դուրս կբերվեն երթուղի, կբարձրացվեն վարորդների աշխատավարձերը, եւ որակավորում ունեցող վարորդներ կընդունվեն աշխատանքի։
4-րդը բարդ խնդիր է, որ Տարոն Մարգարյանը չի կարողացել լուծել, եւ կլուծեմ մի շաբաթում։ Երեւանից «Զվարթնոց» օդանավակայան ավտոբուսային երթուղի է բացվելու։
5. Բանակցութուններ Ասիական զարգացման բանկի հետ՝ Աջափնյակում մետրոյի կամուրջ կառուցելու համար։
6. Լենինգրադյան փողոցը կվերանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անվամբ։ Միջոցներ կձեռնարկվեն Խորեն Աբրահամյանի, Էդգար Հովհաննիսյանի հիշատակը պատշաճ հարգելու, նրանց անունով փողոցներ վերանվանելու, արձաններ կառուցելու համար։ Կտեղադրվի, ի վերջո, Կարեն Դեմիրճյանի արձանը։
7. Ավագանին եւ քաղաքապետարանը կքննարկի արագաչափերի եւ տեսախցիկների օրինականության հարցը։ Մեր թիմի մասը կարծում է, որ բոլորը պետք է հանել, բայց բանակցություններ կսկսենք կառավարության հետ, եթե համաձայնվեն, որ արագաչափերով, տեսախցիկներով արձանագրված տուգանքները առնվազն 20 անգամ նվազեցնել, կթողնենք դրանք։
8. Գույքահարկի բազան կճշգրտվի։ Մեր գնահատականներով կոմերցիոն շինությունների արժեքները թերգնահատված են, եւ բյուջեն չի ստանում 15 մլրդ դրամ։
9. Հրատապ կարգով կիրականացվեն Երեւանյան լճի, Հրազդանի կիրճի բացառիկ սանմաքրման աշխատանքներ։ Երեւանյան լճի շրջակայքում կստեղծվի լողափային գոտի։
10. Փոփոխություններ կկատարվեն Երեւանի բյուջեում, եւ ընտրակաշառքից հրաժարված քաղաքացիներին կվճարվի սոցիալական աջակցության գումարները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վերջում էլ նա պահանջեց բանավեճ Տարոն Մարգարյանի հետ։




























