Գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցն արձանագրել է ընտրակաշառք բաժանելու պրոցեսը եւ իրենք ունեն տեսանյութ:

«Մարդիկ ցուցակով կանչվում են, գումարը ստանում եւ դուրս են գալիս, քվեաթերթիկին շատ նման թերթիկներ են  ստանում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ պրակտիկա է եղել, երբ ծրարների մեջ նշումներով թղթի կտորներ են եղել եւ այժմ էլ նաեւ գումար է բաժանվել, որը փաստված է: Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լրագրողի կողմից դեպքի արձանագրումից հետո շտաբի ցուցանակը հանվել է: Այդտեղ առանցքային դեմքերից է եղել  Վարդան Վարդանյանը, որը 2012թ. Սամվել Ալեքսանյանի կողմից որպես ֆեյք թեկնածու առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ նրա համար, որ ինձ մեղադրի Սամվել Ալեքսանյանի հետ կապեր ունենալու մեջ: Նա հարձակում է գործել մեր վստահված անձ Հայկ Սարգսյանի վրա, ոստիկանություն հաղորդում է տրվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա, սակայն, նշեց, որ ոստիկանությանը չի վստահում:

«Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին գոյություն չունի, գոյություն ունի Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբ, որոնք սնվում են պետական բյուջեից: Ոստիկանության այդ բաժինը պետք է ուղղակի ցրվի: Ոստիկանությունը դեպքի պահին եկել է, իրենց առաջին խնդիրն է եղել՝ այդտեղից բոլորիս բաժին տեղափոխելը, որպեսզի խուսափեն շտաբը որոշակի զննության ենթարկելուց: Նրանք ուզում էին զննության ենթարկել առանց մեր ներկայացուցչի, այսինքն՝ մտնեն, ինչ-որ կարձանագրեն, բայց երբ հասկացան, որ առանց մեր ներկայության չեն կարող զննություն իրականացնել, ուրիշ բան մտածեցին՝ որոշեցին, որ սեփականատիրոջ քունը տանում է, նա պետք է քնեու գնա: Ոստիկանության պետը գնաց քնելու՝ նշելով, որ քնելու իրավունք ունի, որից հետո տարածքը կնքվեց, մենք էլ մեր կնիքը դրեցինք, գիշերը հերթապահություն իրականացրինք: Ես չեմ կարող վստահ լինել, որ ներսում ինչ-որ բան կա, չեմ կարող վստահ լինել, որ ինչ-որ բան չկա: Բայց այս գործելակերպը ցույց է տալիս, որ այնտեղ թաքցնելու բան կա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է դիմել ԿԸՀ եւ դատարան՝ Հայաստանի հանրապետական կուսակցության գրանցումը չեղարկելու եւ կուսակցությանն ընտրարշավից հանելու պահանջով:

«Երկրորդ մեր պահանջն է, բոլոր այն ծրարները. որտեղ օտար իրեր կգտնվեն, պետք է համարվեն ոչ սահմանված նմուշի քվեաթերթիկ եւ անվավեր ճանաչվեն: Գունավոր գրիչներով քվերակված քվեաթերթիկները պետք է ոչ սահմանված նմուշի համարվեն եւ անվավեր համարվեն՝ որպես ուղղորդված քվերակություն եւ , քանի որ ահազանգ ու վկայությւոն ունենք, որ քվեաթերթկներ են դուրս բերվել, պահանջում ենք, որպեսզի բոլոր քվեաթերթիկները վրա հանձնաժողովի անդամների կնիքները դրվեն» ,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն եւ «Ելք» դաշինքի անդամները Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ պահանջել են բացել շտաբի դուռը, քանի որ, ըստ նրանց, այնտեղ կան քվեաթերթիկներ, փող եւ ընտրողների ցուցակներ: Ավելի վաղ այդ շտաբում հարձակման էր ենթարկվել «ՀԺ»-ի լրագրող Աննա Զախարյանը, երբ տեսանկարահանելիս է եղել շտաբում կաշառք բաժանելու գործընթացը: Երկու երիտասարդ նրա ձեռքից վերցրել են բջջային հեռախոսը եւ ջնջել տեսանյութը եւ նոր վերադարձրել հեռախոսը: Լրագրող Աննա Զախարյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում մնացած՝ ընտրակաշառքի դեպքն արձանագրած մեկ տեսնայութ, որը չեն հաջողացրել ջնջել Տարոն Մագարյանի շտաբի անդամները: Սույն միջադեպի գործով ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է ընթանում: