«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք եւ նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, եւ տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը:

Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:

Նույն նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու եւ իր վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, հեռախոսը կոտրելու վերաբերյալ հրապարակային տեղեկություններ է տարածել նաեւ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նշված տեղեկությունների հիման վրա՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու եւ լուծելու նպատակով»:

Նշենք, որ դեպքից հետո քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ «Ելք»-ի անդամներն այցելել են Տարոն Մարգարյանի տվյալ շտաբ, հրավիրել են ոստիկանների: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղադրել է լրագրողի նկարած տեսանյութը՝ նլելով. «ՀԺ-ի լրագրողի հեռախոսը խլածները տեսանյութը մեկը չեն նկատել ու չեն ջնջել: Ահա այդ տեսանյութը: Փող եւ քվեաթերթիկներ՝ տիկնայք եւ պարոնայք»: