«Ելք» դաշինքի անդամ, նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ոստիկանության աշխատակիցների կողմից Տարոն Մարգարյանի համար ձայներ հավաքելուն եւ պահանջել ՀՔԾ-ում քրեական գործ հարուցել:  Նա նշել է, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է եւ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների քարոզչությամբ զբաղվելը քրեորեն պատժելի է:

«Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է եւ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները դպրոցի տնօրենների նման իրավունք չունեն ժամը 6-ից հետո քարոզչությամբ զբաղվել: Ոստիկանությունից եկած այս ֆաքսը հստակ հանցագործության մասին է հաղորդում  եւ ՀՔԾ-ում պետք է քրեական գործ հարուցվի եւ ոստիկանության տվյալ բաժնում քննություն իրականացվի, թե ինչպես են տվյալ ոստիկանները քաղաքականությամբ զբաղվում, ձայներ հավաքում ՀՀԿ-ի համար եւ ֆաքսով ուղարկում ՀՀԿ նախընտրական շտաբ: Այս նյութերը մենք այսօր կներկայացնենք նաեւ ԿԸՀ»,-ասել է նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» դաշինքի ձեռքի տակ են հայտնվել մարդկանց անուններով ցուցակներ, որոնք, պետք է ձայներ բերեն քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ կարդում է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով ցուցակ, որոնք ձայներ պետք է բերեն Տարոն Մարգարյանի համար: