Այս անգամ ապացուցողական հիմքը, որ Հանրապետական կուսակցությունը ընտրակաշառք է բաժանել, բավականին ուժեղ է: Մայիսի 12-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց 6-րդ գումարման ԱԺ նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպին:
Նրա խոսքով՝ դաշինքը շատ ծանրակշիռ ապացույց ունի: «Անհնար է կաղապարային որոշումներով մերժել քրեական գործի հարուցումը: Այստեղ մարդիկ կոնկրետ հերթ էին կանգնել, որ նախընտրական կաշառք ստանան: Նախկինում մենք երբեք լուրջ տեսանյութ չենք ունեցել, որտեղ մարդիկ հերթ են կանգնած: Մենք երբեք վկաներ չենք ունեցել, հիմա վկաներ ունենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ «Ելք» դաշինքի անդամները Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ պահանջել են բացել շտաբի դուռը, քանի որ, ըստ նրանց, այնտեղ կան քվեաթերթիկներ, փող եւ ընտրողների ցուցակներ: Ավելի վաղ այդ շտաբում հարձակման էր ենթարկվել լրագրող Աննա Զախարյանը, երբ տեսանկարահանելիս է եղել շտաբում կաշառք բաժանելու գործընթացը: Երկու երիտասարդ նրա ձեռքից վերցրել են բջջային հեռախոսը, ջնջել տեսանյութը եւ նոր վերադարձրել հեռախոսը: Լրագրող Աննա Զախարյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում մնացած ընտրակաշառքի դեպքն արձանագրած մեկ տեսանյութ, որը չեն հաջողեցրել ջնջել Տարոն Մագարյանի շտաբի անդամները: Սույն միջադեպի գործով ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է ընթանում:




























