Նոր իրավակարգավորումների համաձայն՝ քվեաթերթիկը ընտրողի ձայն կրող փաստաթուղթ դառնում է այն դեպքում, երբ ունենում է իրեն փակցված համապատասխան ինքնասոսնձվող դրոշմանիշ։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբերից մեկում 20-հազարանոցներ եւ քվեարկված քվեաթերթիկներ են բաժանում։
«Նյութերի հետ կապված հաղորդում են ներկայացրել, բնականաբար պետք է իրավապահ մարմիններն իրականացնեն գործողություններ։ Ինչ վերաբերում է քվեարկված քվեաթերթիկներին, ապա մենք փորձել ենք պարզաբանումներ ստանալ այդ կապակցությամբ։ Պարզաբանվել է, որ այդ քվեաթերթիկները բացարձակ կապ չունեն այն քվեաթերթիկների հետ, որոնք քվեարկության օրը տրամադրվելու են քաղաքացիներին»,-տեղեկացրել է ԿԸՀ-ի նախագահը։
Նա պարզաբանել է, որ դրանք եղել են քարոզչական բնույթ կրող նյութեր. քվեաթերթիկի ձեւանմուշը վերցրել են՝ «նմուշ» ձեւակերպմամբ եւ փորձել են օգտագործել որպես քարոզչական մեխանիզմ։ Դրանք որեւէ եղանակով չեն կարող քվեարկության ժամանակ օգտագործվել։
«Դրանով ընտրողների հետ հանդիպման ժամանակ պետք է պարզաբանվի, թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։ Փորձել ենք հասկանալ, թե ինչ քվեաթերթիկ է եղել, քանի որ շրջանառվում էր «քվեաթերթիկ» եզրույթը։ Ի՞նչ քվեաթերթիկներ են, որովհետեւ քվեաթերթիկները գտնվում են տարածքային հանձնաժողովներում, դրանք դեռեւս տեղամասային հանձնաժողովներին էլ չեն հատկացվել եւ ընդհանրապես որեւէ մեկին չեն տրամադրվել։ Նոր իրավակարգավորումների տեսանկյունից բացառվում է ինչ-որ ձեւով այդ քվեաթերթիկներն օգտագործել։ Հետեւաբար դատարկ, չքվեարկած քվեաթերթիկը, ինքնասոսնձվող դրոշմանիշ չպարունակող քվեաթերթիկը որեւէ պարագայում չի կարող համարվել փաստաթուղթ»,- հայտարարել է Տիգրան Մուկուչյանը։




























