Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը իր նախընտրական ծրագրում, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, խոստանում է համացանցի օգտատերերին թույլ տալ ջնջել մինչեւ 18 տարի առաջ արված բոլոր գրառումները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Guardian պարբերականին:

Նման խոստումը պայմանավորված է նրանով, որ գործատուների երեք քառորդը մերժում է պոտենցիալ թեկնածուներին` ծանոթանալով սոցկայքերում նրանց գրառումներին:

Նախկին վարչապետ Թոնի Բլերը խոստովանել է, որ երբեք չէր զբաղեցնի վարչապետի պաշտոնը, եթե իր երիտասարդության տարիներին սոցկայքեր գոյություն ունենային:

Համաձայն պահպանողականների խոստացած նոր օրենքների` սոցիալական մեդիային մեծ տուգանքներ են սպասվում այն դեպքում, եթե նրանք այնպիսի իրավիճակ ստեղծեն, երբ օգտատերը պատահաբար «կբացի» պոռնոգրական կամ ծայրահեղական բնույթի նյութեր: Տվյալ միջոցառումների պատճառը այն դեպքերն են, երբ Facebook սոցկայքում եւ YouTube տեսահոսթինգում հայտնվում են ծայրահեղական կամ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրական բնույթի նյութեր: