Ավստրալիայի կառավարությունը կարող է հետեւել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների օրինակին, որտեղ արգելք է սահմանվել Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ավիաչվերթներով ձեռքի ուղեբեռում նոութբուքերի եւ պլանշետների փոխադրումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի փորձը, ակտիվորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ, եւ դրա հետ կապված հայտարարությամբ հանդես կգա տրանսպորտի նախարարը»,- ասել է պաշտոնյան:

Մարտի վերջին ամերիկյան իշխանությունները Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, Մարոկկոյի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի 10 խոշոր օդանավակայաններից ԱՄՆ ժամանող ուղեւորներին արգելել էին օդանավի սրահ բջջային հեռախոսից մեծ չափսերով որեւէ էլեկտրոնային սարք տանել: Ավելի ուշ Մեծ Բրիտանիան նման արգելք սահմանեց Թուրքիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից, Հորդանանից եւ Թունիսից չվերթների ուղեւորների համար: