Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հիմնադիր եւ նախկին ղեկավար Ռոջեր Էյլսը 77 տարեկանում հեռացավ կյանքից։ Էյլսը հեռուստաալիքը ղեկավարում էր դրա հեռարձակումից՝ 1996 թվականից ի վեր՝ մինչեւ 2016 թվականի սեքս սկանդալի ֆոնին հրաժարական տալը։ Էյլսի մահվան մասին հայտնել է նրա կինը՝ Էլիզաբեթը, փոխանցում է BBC-ն։

Լրատվամիջոցները հայտնել են, որ Էյլսը նախաընտրական քարոզարշավի ժամանակ իր խորհուրդներով օգնել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալ Թրամփին՝ Fox News-ը լքելուց հետո։ Նշվում է, որ նա ապագա նախագահին օգնում էր նախապատրաստվել բանավեճերին։ 

2016-ի ամռանը Էյլսը ստիպված եղավ լքել իր պաշտոնը։ Պատճառն այն էր, Fox News-ի նախկին հաղորդավարուհի Գրեթհեն Քարլսոնը դատարան դիմեց՝ պնդելով, թե Էյլսն իրեն հեռացրել է աշխատանքից, քանի որ ինքը մի քանի անգամ մերժել է նրա ոտնձգությունները։