Պաշտոնական այցով առաջին անգամ Իսրայել այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար Սուրբ Հարություն եկեղեցում ելույթ կունենա հայկական երգչախումբը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը օդանավակայանում Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանն է մասնակցում այժմ, որից հետո  Սուրբ Հարության տաճարում հույն եւ հայ պատրիարքներն են նրան դիմավորելու եւ տաճարում հայկական երգչախումբն է երգելու: Որից հետո գնալու է Տիրոջ գերեզման, այնտեղ եւս հայ երգչախումբ է ելույթ ունենալու: Սակայն, հայերի հետ առանձին հանդիպում նախատեսված նախագահի հետ ծրագրավորված չէ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցն է կատարել Իսրայել:

Թրամփին դիմավորել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ, Կնեսետի խոսնակ Յուլիուս Էդելշթեյնը, նախարարներ, հոգեւորականներ: