2014 թ. հունիսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ: Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է ՀՔԱՎ-ից: ՀՔԱՎ-ի տեղեկացմամբ՝ գանգատում ընդգծվել է, որ քննչական մարմնի առաջ քաշած վարկածը, համաձայն որի՝ Գրիշա Խաչատրյանը մահացել է իր կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում արձակված կրակոցներից, հիմք է տալիս պնդելու, որ վերջինին պատշաճ ձեւով չեն բացատրվել դրանք: Ինչը անձնակազմի նկատմամբ զորամասի հրամանատարության թույլ վերահսկողության արդյունք է: Չնայած դրան՝ զորամասի հրամանատարական կազմից որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Պետությունը անկախ եւ արդյունավետ քննություն չի իրականացրել մեղավորների բացահայտման եւ համարժեք պատժի նշանակման ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2015 թ. հունիսի 20-ին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ տուժող կողմի՝ Գրիշա Խաչատրյանի իրավունքների խախտումները վերացնելու եւ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ բողոքները մերժվել էին ինչպես դատախազության, այնպես էլ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թ. ապրիլի 20-ի որոշումն ստանալուց հետո Գրիշա Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը նաեւ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:

Գրիշա Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի՝ ՄԻԵԴ ներկայացրած գանգատը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը: