Հայաստանի բանկերը պատրաստ չեն հաճախորդների համար նորովի մրցակցելուն եւ հիփոթեքի տոկոսադրույքը նվազեցնելուն: Այս մասին Հայաստանի գործատուների միության 10-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ակցեռն» ռիելթորական ընկերության ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրինագծի ընդունումից հետո, որով թույլ է տրվում հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում եւ գրավի ազատականացում, բանկերն արդեն սկսել են ակտիվորեն մրցակցել հաճախորդների համար, որ մրցակիցները նրանց չգայթակղեն (արդեն օրինական հիմքերով): Սակայն վարկերի պայմանների վրա սա դեռեւս այնքան էլ չի անդրադարձել: «Որպեսզի հիփոթեքային վարկերի եւ անշարժ գույքի վաճառքի ծավալները որակապես աճեն, անհրաժեշտ է 3-4 տարում հիփոթեքի տոկոսադրույքը 10-12 տոկոսից մինչեւ 6-7 տոկոսի հասցնել: Չէ՞ որ երիտասարդ ընտանիքները թիրախային պետական ծրագրերով նման պայմաններ են ստանում: Նշանակում է՝ կարող են ստանալ նաեւ մյուսները: Իհարկե, բանկերը երկար տարիներ վարժվել են ոչ մի ռիսկ չստանձնելուն, եւ նրանց ժամանակ է հարկավոր՝ իրենց պահպանողական մոտեցումը փոխելու համար»,- նշեց Բաղդասարյանը: