Եվրամիությունն ու Թուրքիան հինգշաբթի առաջնորդների հանդիպման ժամանակ նշել են համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը հայտնել է, որ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն օրը բանակցություններ է վարել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։ Սհինասի խոսքով՝ Տուսկի եւ Էրդողանի բանակցություները տեւել են շուրջ 40 րոպե, իսկ հետո Թուրքիայի առաջնորդը կես ժամ զրուցել է  Յունկերի հետ։

«Ըստ արդյունքների՝ կարող ենք ասել, որ Եվրամիությունն ու Թուրքիան պետք է շարունակեն համագործակցությունը։ Հանդիպումները այդ սկզբունքի մասին հիշեցնելու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցեր քննարկելու հնարավորություն ընձեռեցին», -ասել է Սհինասը։