Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, օգնականի եւ խորհրդականի աշխատավարձերը կհամապատասխանեցվեն Կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, օգնականի եւ խորհրդականի աշխատավարձերին: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս առաջարկն արվել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի կողմից եւ այսօր առավոտյան դրական եզրակացություն է ստացել նաեւ մշտական հանձնաժողովում: Նշենք, որ առաջարկություն էր ներկայացրել նաեւ «Ելք» խմբակցությունը, որը մերժվել է հանձնաժողովի կողմից:





























