Հայաստանի երեք համայնքներում՝ Կոտայքի մարզի Սոլակում, Արարատի մարզի Այգավանում եւ Վայոց ձորի մարզի Մալիշկայում նախատեսվում է էներգետիկ ծախսերի կրճատում մինչեւ 50 տոկոսով: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Արեւային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան եւ Մալիշկա համայնքներում» ծրագրի շրջանակներում այս համայնքներին անվճար կտրամադրի արեւային էներգիայով աշխատող տարբեր սարքավորումներ, հաղորդում է «ԷկոԼուրը»

«Մեր կարեւոր նպատակներից է կրճատել թիրախային համայնքների էներգետիկ ծախսերը մինչեւ 50 տոկոս, բարելավել համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը: Կտեղադրվեն 150-200-լիտրանոց ջրատաքացուցիչներ, արեւային չորանոցներ, արեւային վառարաններ՝ դպրոցներում կերակուր պատրաստելու համար, արեւային էներգիայով սնվող փողոցային լամպեր», - նշեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի անդամ Քնարիկ Գրիգորյանը:

Յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված են առանձին աշխատանքներ: Մալիշկան կապահովվի փողոցային լուսավորությամբ, Այգավանի դպրոցում կտեղադրվեն ջրատաքացուցիչներ, համայնքում կկառուցվեն արեւային չորանոցներ: Սոլակում եւս կտեղադրվեն ջրատաքացուցիչներ, կլինեն նաեւ չորանոցներ:

Ծրագրի շնորհանդեսին ներկա Սոլակ եւ Այգավան համայնքների ղեկավարները «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեցին, որ մեծ ակնկալիքներ ունեն ծրագրից: Սոլակի համայնքապետ Բադալ Սարգսյանը նշեց, որ 2500 բնակչություն ունեցող համայնքը կարիք ունի էներգիայի այլընտրանքային, ավելի մատչելի աղբյուրների: Ըստ Բադալ Սարգսյանի` էներգիայի աղբյուրներից բնակիչները հիմնականում օգտագործում են գազ եւ հոսանք, փայտ օգտագործում են միայն անապահով ընտանիքները: «Արդեն ժամանակն է անցնել արեւային էներգիայի: Նաեւ մտածում ենք արեւային փոքրիկ կայաններ կառուցել: Այդպիսով մենք կկարողանանք սոցիալական խնդիրներ լուծել: Մեր բնակիչներին այսօր պետք է էժան էներգիա, որ մարդիկ կարողանան խնայված գումարներով իրենց կենցաղային հարցերը լուծել, իրենց երեխաներին կերակրել եւ հագցնել», - ասաց Սոլակի համայնքապետը:

4500 բնակիչ ունեցող Այգավանի համայքնապետ Վիգեն Հարությունյանն էլ ասաց, որ իր համայնքում ձմռանը բնակիչների 90 տոկոսը փայտ է վառում: «Էժան է, դրա համար էլ փայտ են վառում: Եթե արեւային էներգիան հասանելի լինի բնակչությանը, կարծում եմ` շատ լավ արդյունք կունենանք», - ասաց Այգավանի համայքնապետը:

«Արեւային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան եւ Մալիշկա համայնքներում» ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ ֆոնդի միջոցով: Ծրագրի տեւողությունը 18 ամիս է: