Անցած տարվա դեկտեմբերին ուղեւորուհուն դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող տաքսու վարորդ Գարեգին Եղիազարյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաքննության ընթացքում նրա շահերը պաշտպանած Լուիզա Հարությունյանը:
Պաշտպանի խոսքով, Գարեգին Եղիազարյանը սոցիալական ծանր պայմաններում է ապրում, ունի առողջական լուրջ խնդիրներ եւ ցանկացել է միայն գողանալ ուղեւորուհու մոտ եղած գումարը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տաքսու վարորդ Գարեգին Եղիազարյանը 2016թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, ավտոմեքենայի մեջ գումարային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել ուղեւորուհի Քրիստինեի դեմքին: Այնուհետեւ տաքսու վարորդը խեղդելով շնչահեղձ է արել աղջկան՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից, որից հետո դիակը գցել է Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը:
Գարեգին Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով: Նա կալանավորված է:
Դեռեւս այն ժամանակ լուրեր կային, որ Քրիստինեի մոտ բավականին մեծ գումար է եղել, որն էլ Գարեգին Եղիազարյանը ցանկացել է հափշտակել:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ 2016թ. դեկտեմբերի 27-ին անհետ կորել էր Երեւանի բնակչուհի Քրիստինե Ա.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 44-ամյա Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.-ի դիակի գտնվելու վայրը:
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սևակավան բնակավայրի վարչական տարածքի սկզբնամասում՝ ձորակի լանջին:
Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսու վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:





























